Գլխավոր Ավելին

Հերթական գիտական լսումը․ քննարկման թեման՝ «Ճարպակալումը և նրա վիրաբուժական բուժումը»

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ շաբաթ տեղի ունեցած հերթական գիտական լսման թեման էր «Ճարպակալումը և նրա վիրաբուժական բուժումը»:

Էնդոկրինոլոգ, բ.գ.թ. Գոհար Երիցյանը ներկայացրեց ճարպակալման էնդոկրինոլոգիական ասպեկտները, շաքարային դիաբետի ընթացքի վրա ազդեցությունը, ինչպես նաև պահպանողական, դեղորայքային բուժման հնարավորությունները:

Գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, բ.գ.թ, դոցենտ Մանիկ Գեմիլյանը ներկայացրեց զեկուցում «Լյարդի ճարպային հիվանդություն» թեմայով: Նա անդրադարձավ ճարպային հեպատոզի դասակարգմանը, զարգացման ընթացքին, կլինիկական առանձնահատկություններին, բուժման հնարավորություններին:

Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Սուրեն Ստեփանյանը ներկայացրեց ճարպակալման վիրաբուժական բուժման հնարավորությունները, վիրահատությունների տեսակները և նրանց առանձնահատկությունները: Նշվեց, որ ներկայումս աշխարհում ամենահաճախ կատարվող բարիատրիկ վիրահատությունը «սլիվ գաստրէկտոմիան» է՝ ստամոքսի երկայնական մասնահատումը, որը տեխնիկապես բարդ չէ, ցույց է տալիս հետվիրահատական լավ արդյունքներ:

Վիրաբույժ, ԵՊԲՀ դասախոս Հակոբ Շմավոնյանը ներկայացրեց համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայում նախորդ տարիների ընթացքում կատարված բարիատրիկ վիրահատությունների արդյունքները: Նշվեց, որ հիվանդագին ճարպակալման տարբեր աստիճանների դեպքում կատարվել է ստամոքսի երկայնական մասնահատում՝ «սլիվ գաստրէկտոմիա», ստացվել են հետվիրահատական լավ արդյունքներ, չեն դիտվել ներվիրահատական և հետվիրահատական բարդություններ:

Քննարկման ընթացքում գործընկերները բազում հարցեր ուղղեցին բանախոսներին։ Ի պատասխան հարցին, թե ճարպակալման ո՞ր աստիճանի դեպքում է տեխնիկապես ավելի հեշտ կատարել վիրահատությունը, զեկուցողները նշեցին, որ վիրահատության տեխնիկական իրականացումը մեծապես կախված է նախավիրահատական նախապատրաստման շրջանից, անհրաժեշտ է նշանակել կարճատև դիետա, մանրամասն հետազոտել հիվանդին։

Քննարկմանը մասնակիցները հետաքրքրվեցին նաև, թե մարմնի քաշի ինդեքսի ո՞ր ցուցանիշի դեպքում է արդեն ցուցված բարիատրիկ վիրահատություն։ Վիրաբույժները պարզաբանեցին, որ մարմնի քաշի ինդեքսի 30-ից բարձր ցուցանիշի և ճարպակալման հետ կապված ուղեկցող հիվանդությունների դեպքում արդեն ցուցված է բարիատրիկ վիրահատություն։ Գիտական լսմանը ներկա բժիշկները հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ հետվիրահատական արդյունքներ են գրանցվել կլինիկայում կատարված վիրահատություններից հետո։

Ներկայացվեց, որ վիրահատություններից հետո 6 ամսվա ընթացքում գրեթե բոլոր վիրահատվածների մոտ դիտվել է մոտ 60-70 տոկոս հավելյալ քաշի կորուստ, որը հետագայում շարունակման միտում ունի։ Բանախոսները կարևորեցին նաև վիրահատությունից հետո առողջ ապրելակերպի և սննդակարգի պահպանումը։

×
facebook sharing button facebook